Автор: ahousekeeper | 29 мая, 2008

В Турции армянская молодёжь участвовала в ремонте сельской школы

Источник: Panorama.am

URL: http://www.panorama.am/am/society/2008/05/29/stereotip/

Резюме: В рамках армяно-турецкой программы «Роль молодежи в социальных работах» группа армянской молодёжи участвовала в ремонтных работах в начальной школе турецкого села Арпачай.

ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՎ` ՀԱԿԱՌԱԿԸ

Հայ և թուրք երիտասարդները կամավոր և համատեղ ջանքերով վերանորոգել են Արփաչայ գյուղի տարրական դպրոցը:

Այս և այլ միջոցառումներն իրակացվում են «Երիտասարդության դերը սոցիալական աշխատանքներում» ծրագրի շրջանակներում, «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ի ղեկավարությամբ, մայիսի 16-19-ը:

Ծրագիրն իրականացվել է Թուրքիայի կամավորականության հիմնադրամի հետ համատեղ: Ծրագրին մասնակցում են 40 թուրք երիտասարդներ, իսկ 20 հայ երիտասարդներ գտնվում էին Կարս քաղաքում: Հայ երիտասարդների խումբը մեկ օրով այցելել է նաև Անի և անմիջական շփում ունեցել բազմադարյան մշակույթի հետ:

Այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը:

Լ. Ասատրյանը նշեց, որ ծրագրի նպատակը Հայաստանի և Թուրքիայի երիտասարդների շրջանում գոյություն ունեցող կարծրատիպերը մեղմելն է, երկու երկրների մշակույթներին ծանոթանալու հնարավորություն տալը, ինչպես նաև` կամավորական աշխատանք ծավալելու միջոցով ձևավորել մշակութային հասկացողություն:

Կազմակերպվել է, օրինակ, մշակութային երեկո, որի ընթացքում թուրք երիտասարդներին ներկայացվել է հայոց պատմությունը և մշակույթը: Հարցին, թե արդյոք ներկայացվել է Հայոց ցեղասպանության մասին որևէ զեկույց, ծրագրի մասնակից Հասմիկ Ղարսլյանը նշեց, որ իրենց այցի նպատակը քաղաքական չի եղել, այլ` կամավորական աշխատանքների և մշակութային երկխոսության միջոցով «զուտ երկխոսություն սկսելը» և որ այն ուներ ճանաչողական բնույթ:

Ասուլիսից հետո Հ. Թումանյանի տուն-թանգարանում ցուցադրվեց ճանապարհորդության արդյունքում մասնակիցների նկարահանած հեղինակային տեսաֆիմլը և բացվեց նրանց կողմից արված լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որ կտևի մինչև մայիսի 31-ը:

Լ. Աստրյանը համոզված է, որ ծրագիրը նպաստել է Հայաստանի և Թուրքիայի երիտասարդության միջև երկխոսության ծավալմանը, նաև կամավորականության գաղափարի տարածմանը:

Նրա խոսքով, այս ծրագիրը շարունակական բնույթ է կրելու: Ամռանը նորից հայ երիտասարդների խումբը կմեկնի Թուրքիա և հակառակը` աշնանը Հայաստան կայցելեն թուրք երիտասրդներ: Երկու կողմերից մեկնողների թիվը դեռ պարզ չէ:

Дополнительные источники:

  • Հայ երիտասարդները վերադարձել են Կարսից

    29.05.2008

    Այցելության ընթացքում հայ եւ թուրք երիտասարդները հասցրել են մեկ օրում համատեղ վերանորոգել Արփաչայ գյուղի տարրական դպրոցը: «Երիտասարդ կանանց ասոցիացիա»-ի նախագահ Լիլիթ Ասատրյանի խոսքերով` կամավորական աշխատանքը լավագույն միջոցներից մեկն է անկաշկանդ շփում սկսելու համար:

    «Կարեւորը միասին որեւէ գործ սկսելն է, ինչի վերջնական արդյունքը հետաքրքրում է երկու կողմերին», — հավելեց Ասատրյանը:

    Ծրագրի նպատակներից էր նաեւ երկու ազգերի երիտասարդների շրջանում հնարավորինս նվազեցնել թշնամական կարծիքներն ու բացասական տրամադրվածությունը: Մասնակիցները միմյանց ներկայացրել են իրենց ազգային մշակույթը: Լիլիթ Ասատրյանի խոսքով` մասնակից թուրք երիտասարդներից ոմանք շատ լավ գիտեին Շառլ Ազնավուրին, Շերիլին Սարգսյանին, բայց նրանց հայկական ծագման մասին տեղյակ չեն եղել:

    Հայաստանցի երիտասարդները մեկ օր եղել են Անիում:

    Արմատներով Կարսից Հասմիկ Ղարսլյանը մասնագիտությամբ լրագրող է: Ծրագրին դիմելու առաջին եւ հիմնական նպատակը Հասմիկի համար եղել է նախեւառաջ Կարսը տեսնելն ու նախկինում հայաբնակ տարածքներում լինելը: Նա կարեւորում է նաեւ կամավորական աշխատանքը:

    «Միասին դպրոց վերանորոգելը կրկնակի հաճույք էր երկու կողմերիս համար», — ասում է զրուցակիցս եւ նշում, որ թուրք երիտասարդներն իրենց անգամ ոգեւորել են հոգնածության պահերին:

    Զրուցակցիս խոսքով՝ մասնակից թուրք երիտասարդներից շատերն անգամ հայկական արմատներ են ունեցել, ինչը սկզբնական շրջանում գաղտնի են պահել:

    Թումանյանի տուն֊-թանգարանում բացվել էր նաեւ մասնակիցների ֆոտո ցուցահանդեսը, որտեղ կային լուսանկարներ Չարենցի գրեթե ավերված հայրական օջախից, հայկական թաղամասերից ու Անիի պարիսպներից: Ցուցադրվեց նաեւ մասնակիցների կողմից նկարահանված ֆիլմը, որը պատմում է եռօրյա այցելությունների ողջ ընթացքի մասին:

    Լիլիթ Ասատրյանի խոսքով` ծրագիրը շարունակական բնույթ է կրելու, ամռանը մի փոքր այլ ձեւաչափով դարձյալ այցելություն կկազմակերպվի Թուրքիա, իսկ աշնանը թուրքական խումբը պատասխան այցով կլինի Հայաստանում:

    Նարինե Ղալեչյան

    Источник: http://www.azatutyun.am/content/article/1595407.html

  • Հայ եւ թուրք երիտասարդները «երկխոսեցին»

    2008-05-22

    Ու ամեն ինչ անցավ առանց նենգ «հնարքների» եւ ինտրիգների

    Մայիսի 16-19-ը Թուրքիայում էին 20 հայ երիտասարդներ: Նրանք հանդիպումներ ունեցան իրենց թուրք հասակակիցների հետ: Նախաձեռնության հեղինակները Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան եւ Թուրքիայի կամավորականության հիմնադրամն (TOG) էին: Վերջինս, այս տարվանից սկսած, փոխանակման ծրագրեր է իրականացնում: Հայաստանի հետ ձեռնարկը TOG-ի առաջին ծրագիրն է:

    Երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանի փոխանցմամբ, ինքը եւ TOG-ի տնօրեն Էվրեն Էրգեշը փետրվարին մեկ այլ երկրում մասնակցելով միջոցառման, որտեղ երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատման հարցն էր քննարկվում, ծանոթացել ու պայմանավորվել էին այս համագործակցության համար:

    Ինչ վերաբերում է հայ երիտասարդների Թուրքիա կատարած այցին, նշենք, որ նրանք 4 օր անցկացրել են Կարսում, որը դեռ պահպանել է հայկականության կնիքը: Երիտասարդները տպավորված էին նաեւ Անիով: Անակնկալ եղավ այն, որ Անիում հայաստանյան բջջային օպերատորները՝ «ԱրմենՏելն» ու «ՎիվաՍելլը» «հասանելի» էին, ինչի առիթով երիտասարդները հպարտանում էին. «Մեր հողի վրա ենք, դրա համար «հասանելի» ենք»: Ցավոք, Անին ներկայացնող զբոսավարը թուրքերեն էր բացատրում, թե ժամանակին ինչպիսին է եղել ծաղկուն այս քաղաքը: Արեւելագիտականի ուսանող հայ տղաներն ավելի ուշ թարգմանելով նրան, ասում էին, որ, ըստ թուրք զբոսավարի, Անին թուրքերինն է եղել: Հայկական հուշարձաններ պահպանող թուրք հսկիչները առաջին հայացքից ամենայն ուշադրությամբ հետեւում էին յուրաքանչյուր այցելուի վերաբերմունքին ու հուզմունքին, սակայն դա նրանց չէր խանգարում, որ, օրինակ, ավերված եկեղեցիներից մեկի մոտ կրակ անեն ու խորոված պատրաստեն:

    Նշենք, որ հայկական խմբին թուրք երիտասարդներն ամենուր լավ էին ընդունում: Ծանոթությունը սկսվեց նախ նրանից, որ Կարսի հյուրանոցում թուրք եւ հայ երիտասարդների բայջերը խառը լցրեցին հատակին ու խնդրեցին, որ յուրաքանչյուրը վերցնելով դրանցից մեկը, գտնի ու հանձնի տիրոջը: Հայ ուսանողների համար սկզբում անսպասելի էր նաեւ այն, որ հյուրանոցի համարներում իրենց սենյակակիցը ոչ թե հայ, այլ թուրք է լինելու: Ոմանք նույնիսկ մի քիչ վախեցած էին: Իրենց հասակակիցների հետ մասնավոր զրույցներում թուրք երիտասարդները խոստովանում էին, որ կողմ են Հայոց ցեղասպանության ճանաչմանը, սահմանների բացմանը, հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:

    Կարսը հոգեհարազատ էր հայաստանցիներին, որովհետեւ դեռ չէր կորցրել իր հայկականությունը ու հիշեցնում էր Գյումրին: Տեղի թանգարանի ցուցանմուշները եւս հայկական շունչ ունեին, չհաշված թուրք երեխաների ձեռքով նկարված աշխատանքներն այն մասին, թե ինչպես են հայերը կոտորում թուրքերին: Ի դեպ, ցանկացած հայկական հուշարձանի կամ ավերակի մոտ 8-10 տարեկան երեխաներն իրենց ծառայությունն էին առաջարկում՝ 5 լիրայի համար յուրովի ներկայացնել հայոց պատմությունը: Կարսում հնարավորություն ունեցանք ներկա գտնվելու տեղի «Թերս Նաղմե» խմբի համերգին, որն ունկնդրելու էր եկել Կարսի քաղաքապետ Նայիֆ Ալիպեյօղլուն: Խումբը հանդես եկավ ոչ միայն քրդական, թուրքական երգերով, այլեւ հյուրերի պատվին հայերեն հնչեցրեց «Սարերի հովին մեռնեմ»-ը:

    Կարսի քաղաքապետը, համերգից հետո ողջունելով երիտասարդներին, ասաց, թե լավ կլիներ, որ ամբողջ աշխարհը խոսեր մեկ ընդհանուր լեզվով, եւ բոլորը հասկանային իրար: Նաեւ հավելեց. «Պատերազմի մասին խոսելը հեշտ է, պատմությունը հիշելն է դժվար»:

    ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ, Կարս-Երեւան

    Источник: http://www.aravot.am/am/articles/sport/41217/view


Оставьте комментарий

Рубрики